Իրանը բավարարված է իր ատոմային ծրագրի խաղաղ բնույթը հաստատող ԱԷՄԳ-ի վերջին զեկույցներից: Այդ մասին հայտարարել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին:

«Ինչպես երկու շաբաթ առաջ հրապարակված Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրենի վերջին զեկույցը, այնպես էլ հունիսի 20-ին հրապարակված Իրանի եւ «Վեցնյակի» (ԱԽ-ի հինգ մշտական անդամներ եւ Գերմանիա) միջեւ միջանկյալ համաձայնության իրականացման հատուկ զեկույցը իրանական ատոմային ծրագիրը որակում են «խաղաղ», - նշել է  Քամալվանդին: Նա նաեւ ընդգծել է, որ զեկույցները վկայում են Իրանի կողմից իր պարտավորությունների լիովին իրականացման մասին, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

2013թ. Ժնեւում ստորագրված Միջանկյալ համաձայնագրին համապատասխան, Իրանը պարտավորվել էր մինչեւ 20% հարստացված ուրանի կեսը հեքսաֆտորիդից փոխարկել օքսիդայինի, իսկ մյուս կեսը միացնել 5%-ից ցածր հարստացմանը: Ինչպես նշել էր Քամալվանդին, Իրանը ամբողջապես չի ավարտել աշխատանքների այն մասը, որը վերաբերում է հեքսաֆտորիդից օքսիդի անցմանը, սակայն համաձայնության ընթացքի մասին ԱԷՄԳ-ին ամենամսյա հաշվետվություն է ներկայացնում: