ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Պուշկովը Ռուսաստանի ղեկավարությանն առաջարկում է պատասխան միջոցներ ձեռնարկել եւ պատժամիջոցներ կիրառել ԱՄՆ-ի դեմ` երկկողմ համգործակցության բոլոր ուղղություններով, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

«Մենք պետք է օգտագործենք զուգահեռ իրավունքի գործիքներ, նույնիսկ պատժամիջոցներ, պատասխան քայլեր: Մեր դեմ զսպման քաղաքականություն են հայտարարում, ենթարկում պատժամիջոցների, հայտարարում Ռուսաստանի մեկուսացման մասին», - հայտարարել է Պուշկովը «Բաց տրիբունայի» նիստին:

Պուշկովը շարունակել է, որ դրան զուգահեռ` «հանրահայտ Ջենիֆեր Պսակին խոսում է այն մասին, որ այն ուղղություններով, որտեղ մենք համագործակցում ենք,  ԱՄՆ-ն հուսով է, որ ամեն ինչ կշարունակվի»:

«Ահա այստեղ պետք է մտածել: Իսկ պե՞տք է արդյոք մենք  ամերիկացիներին երաշխիք տանք, որ ամեն ինչ կշարունակվի: Ես չեմ հասկանում՝ ինչպես կարելի է զսպել եւ մեկուսացնել երկիրը, իսկ այն ուղղություններով, որոնք ձեռնտու են ԱՄՆ-ին, համագործակցության հույս ունենալ:  Որքանո՞վ է ճիշտ է մեզ համար, գտնվելով ԱՄՆ պատժամիջոցների ներքո,  վնասել սեփական շահերին», - հարց է տալիս պատգամավորը: