ԵԽԽՎ-ում Ադրբեջանում քաղբանտարկյալների հարցով զեկույց կպատրաստվի: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Արփինե Հովհաննիսյանը:
«Հարգելի գործընկերներ, այսօր ԵԽԽՎ լիագումար նիստում տեղի ունեցավ շատ կարեւոր մի իրադարձություն: Ավելի վաղ բյուրոն որոշում էր կայացրել Ադրբեջանում քաղբանտարկյալների խնդրին վերաբերող իռլանդացի պատվիրակ Մայքլ Մքնամարայի նախաձեռնությունը ուղարկել մոնիտորինգի հանձնաժողով ` ի գիտություն, ինչն ըստ էության նշանակում է որեւէ գործողություն չձեռնարկել: Սակայն, վերջին պահին, երբ լիագումար նիստում պետք է քվեարկության դրվեր բյուրոյի որոշումը, իռլանդացի պատվիրակը վիճարկեց որոշումը, եւ արդյունքում ձայների 37 կողմ 32 դեմ հարաբերակցությամբ, որոշում ընդունվեց, այդ նախաձեռնությունը ուղարկել ոչ թե մոնիտորինգի այլ իրավական հարցերի հանձնաժողով, որտեղ այն կընդունվի ոչ թե ի գիտություն, այլ քաղաքական բանտարկյալների թեմայով կպատրաստվի զեկույց»,-գրել է նա:





























