Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում բացասաբար են ընդունել հակադեմոկրատական պահվածքը, որը խորանում է Ադրբեջանի նախագահության ընթացքում, ինչպես նաեւ ադրբեջանական իշխանությունների քայլը ԵԽԽՎ փոխնախագահ, Ֆրանսիայի պատվիրակության ղեկավար Ռենե Ռուկեի հանդեպ, որն ընդունվել է որպես խոչընդոտում Եվրոպայի Խորհրդի մասնակիցների լիազորությունների կատարմանը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայաստանի ԱԺ փոխխոսնակ, ԵԽԽՎ-ում Հայաստանի խորհրդարանական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը:
Նա ընդգծել է, որ այդ մասին նշել են Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի եւ շատ այլ երկրների պատվիրակներ:
Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը հրաժարվել է մուտքի վիզա տրամադրել Ռենե Ռուկեին, քանի որ նա մի որոշ ժամանակ առաջ ֆրանսիացի մի քանի գործընկերների հետ «առանց Ադրբեջանի թույլտվության» Հայաստանի տարածքից այց էր կատարել Լեռնային Ղարաբաղ:
Հերմինե Նաղդալյանի խոսքով՝ ԵԽԽՎ նստաշրջանն ընթանում է լուրջ հակաադրբեջանական տրամադրվածություններով: «Սա պայմանավորված է Ադրբեջանում տեղի ունեցող հակադեմոկրատական գործընթացներով, քանի որ Եվրոպայի Խորհրդի տարբեր երկրների պատվիրակներ անընդհատ ներկայացնում են Ադրբեջանում տեղի ունեցող մարդու իրավունքի խախտումներ եւ ընդգծում են, որ Ադրբեջանը հեռացել է իր պարտականությունների կատարումից: Ադրբեջանի հետ կապված բերվում են բազմաթիվ օրինակներ իրավապաշտպանների, քաղբանտարկյալների վերաբերյալ, որոնց հանդեպ կիրառվում են ամենաանօրինական եւ հակադեմոկրատական գործընթացներ»,- պատմել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության նախագահը:
Հերմինե Նաղդալյանի համաձայն՝ հունիսի 23-ին տեղի են ունեցել առանձին լսումներ կապված այդ երկրի հասարակական կազմակերպությունների, դեմոկրատական ինստուտների հետ, ինչպես նաեւ լիագումարի նիստի ընթացքում Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովին բազմաթիվ հարցեր են ուղղել՝ կապված նրա երկրում մարդու իրավունքների խախտումների հետ: Այնուհետ, նրա խոսքով, «ազատ դեբատների» ընթացքում հարցեր են հնչեցվել նաեւ կապված Ադրբեջանում տիրող հակադեմոկրատական իրավիճակի հետ:
Այն հարցին, թե արդյոք հայ պտավիրակները հարցեր ուղղել են Ադրբեջանի ԱԳ նախարարին, Հերմինե Նաղդալյանը նշել է, որ ստեղծվել էր իրավիճակ, երբ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության պատգամավորները գրանցվել էին ելույթների համար, սակայն ըստ ցուցակի ելույթ են ունեցել միայն 15-16 պատագամավորներ՝ այդ թվում նաեւ ՀԱԿ խոհրդարանական խմբակցության նախագահ Լեւոն Զուրաբյանը:




























