Գերմանիան կարող է հրաժարվել իր ոսկու պաշարների մի մասը ԱՄՆ-ից  հայրենիք վերադարձնելու գաղափարից։ Պաշարները պահպանվում են Նյու-Յորքի Դաշնային պահուստային բանկի կողմից (ընդգրկված է ԱՄՆ Դաշնային պահուստային կառուցվածքի մեջ)։

«Ամերիկացիները հուսալիորեն պահպանում են մեր ոսկիները։ Անվստահության համար ոչ մի օբյեկտիվ պատճառ չկա», - հայտարարել է ԳՖՀ-ի իշխող Քրիստոնեադեմոկրատական կուսակցության պաշտոնական ներկայացուցիչ Նորբերտ Բարտլեն, փոխանցում է «ՓՐԱՅՄ»-ը։

Անցյալ տարվա սկզբին Բունդեսբանկը (Գերմանիայի կենտրոնական բանկը) հայտարարել էր Նյու-Յորքից եւ Փարիզից ընդհանուր առմամբ 974 տոննա ոսկի Մայնի Ֆրանկֆուրտ վերադարձնելու մասին։ Որոշումը ընդունվել էր մի շարք գերմանացի քաղաքական գործիչների ճնշման ազդեցությամբ, որոնք քննադատում էին ԱՄՆ ԴՊՀ-ն, մասնավորապես պնդում էին, որ Դաշնային պահուստների համակարգը արդեն վաղուց չունի ոսկու այն քանակությունը, որի մասին հայտարարում է, եւ կարող էր թանկարժեք մետաղը օգտագործել ամերիկյան բանկերի գործառնությունների ֆինանսավորման համար, որոնք էլ, իրենց հերթին, կարող էին իրացնել դրանք շուկայում։

Սակայն որոշման ընդունումից կես տարի անց Նյու-Յորքից Գերմանիա է տեղափոխվել ընդամենը 5 տոննա ոսկի։

Նշենք, որ ԳՖՀ-ն ոսկու պաշարներով աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում ԱՄՆ-ից հետո (3.38 հազար տոննա՝ 141 մլրդ դոլար)։