ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինը Դաշնային խորհրդին առաջարկել է չեղյալ հայտարարել Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի զինված ուժերի օգտագործման որոշումը:
Դաշնային խորհրդում հաղորդել են, որ նախագահի ուղերձը ստացվել է, եւ այն կդիտարկվի հունիսի 25-ին Դաշնային խորհրդի նիստին, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
«Տվյալ հարցի շուրջ եռակողմ բանակցությունները սկսվելու կապակցությամբ պետության ղեկավարը Դաշնային խորհրդին առաջարկել է չեղարկել Դաշնային խորհրդի կողմից 2014թ. մարտի մեկից Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի զինված ուժերի օգտագործման №48-Ֆ3 որոշումը», հայտարարել է Պեսկովը:
Պեսկովը պատմել է, որ Պուտինը մինչեւ Վիեննա մեկնելը Դաշնային խորհրդի նախագահ Վալենտին Մատվիենկոյի անունով որոշումը չեղարկելու առաջարկ է ուղարկել:
Հիշեցնենք, որ մարտի 1-ին Դաշնային խորհուրդը հաստատել էր Ուկրաինայի տարածքում զորքերի օգտագործումը:





























