Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ԵԽԽՎ-ում Իռլանդիայի պատվիրակ Մայքլ Մաքնամարային մեղադրել է Ադրբեջանի հանդեպ կողմնակալ վերաբերմունքի համար:
ԵԽԽՎ նիստին պատասխանելով Մաքնամարայի հարցին, որը վերաբերում էր երկրում առկա քաղբանտարկյալներին, Ալիեւը հայտարարել է, որ իր երկրում «ընդհանրապես քաղբանտարկյալ չկա»: Այնուհետեւ կոպտորեն դիմելով պատվիրակին՝ նա ասել է, որ Մաքնամարայի զեկույցը «կողմնակալ տեղեկությունների վրա է հիմնված», հավելելով, որ պատվիրակն արդեն մի քանի անգամ փորձել է վիրավորել Ադրբեջանին»:
Այնուհետեւ նա սկսել է երգել ծանոթ երգն այն մասին, որ սա դավադրություն է Ադրբեջանի դեմ եւ նման հարցերը, հնարավոր է, տալիս են նրանք, «ովքեր շահագրգռված են» դրանում: Նա հասել է նույնիսկ այնտեղ, որ հայտարարել է, թե Ադրբեջանում մարդու իրավունքների խնդիրներն ունեն «աշխարհաքաղաքական պատճառներ»:
Ալիեւը աշխարհին տեղեկացրել է նաեւ, որ իր երկրում «ազատ համացանց կա, բազմաթիվ ալիքներ, բազմամշակութայնություն, գրաքննություն չկա»:
Ադրբեջանի նախագահը ստի մեջ է մեղադրել Մեծ Բրիտանիայից պատվիրակ Փոլ Ֆիլինին, որը «համարձակվել էր» հարցնել Ադրբեջանում լրագրողների վրա հարձակումների մասին: «Դուք ստում եք: Դա սուտ է», - հայտարարել է նա ձայնը բարձրացնելով եւ հավելելով, որ իր երկրում «ազատ եւ արդար ընտրություններ են եղել»: «Մեր երկրում այդպես է, հնարավոր է՝ ձեր երկրում այլ կերպ է», - հավելել է Ալիեւը:
Նշենք, որ պատվիրակների յուրաքանչյուր երկրորդ հարցը վերաբերել է Ադրբեջանում մարդու իրավունքների անմխիթար վիճակին, ինչն էլ ակնհայտորեն զայրացրել է Իլհամ Ալիեւին:





























