«Հարավային հոսքով» առաջին գազն Ավստրիան կստանա 2016թ. վերջին, հայտնել է ավստրիական նավթագազային OMV ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Ռոբերտ Լեխները, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Լեխները հիշեցրել է, որ «Հարավային հոսքի» ավստրիական հատվածի երկարությունը 50 կմ է, արտադրողականությունը՝ տարեկան մինչեւ 32 միլիարդ խմ գազ:
Հունիսի 24-ին «Գազպրոմը» եւ ավստրիական OMV ձեռնարկությունը նախագահ Վլադիմիր Պուտինի այցի շրջանակում South Stream Austria համատեղ ձեռնարկության բաժնետերերի հետ համաձայնագիր են ստորագրել, որը սահմանում է Ավստրիայի տարածքում «Հարավային հոսքի» իրացման աշխատանքի սկզբունքները: Փաստաթղթի տակ ստորագրել են «Գազպրոմի» կառավարման խորհրդի նախագահ Ալեքսեյ Միլլերը եւ OMV-ի գլխավոր տնօրեն Գերհարդ Ռոյսեն: South Stream Austria համատեղ ձեռնարկության բաժնետերերն են ռուսական «Գազպրոմը» եւ ավստրիական OMV-ն:
Բացի դրանից OMV-ն «Գազպրոմին» առաջարկել է մասնաբաժին Ավստրիայի գազային բորսայում, որը Եվրոպայում գազի առեւտրի գլխավոր բորսային պլատֆորմներից մեկն է: Ավելի վաղ ԵՄ իշխանությունները «Գազպրոմին» թույլ չէին տվել մասնակցել Ավստրիայում գտնվող Central European Gas Hub (CEGH)-ին՝ կարծելով, որ գործարքը չի համապատասխանում Երրորդ էներգափաթեթի կանոններին:
Ավստրիան «Հարավային հոսք» նախագիծ վերադառնալու որոշում էր կայացրել 2014թ.: Սկզբնապես այդ երկիրը աջակցում էր նախագծին մասնակցելու որոշումը, երբ 2010 թ. OMV-ն «Գազպրոմի» հետ համագործակցության բազային համաձայնագիր էր ստորագրել: Ավելի ուշ տեղեկություն էր հայտնվել, որ OMV-ն բանակցություններ է վարում «Գազպրոմի» հետ՝ «Հարավային հոսքով» մինչեւ 6 միլիարդ խմ գազ տարեկան մատակարարելու համար:




























