Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը միջազգային առաջնություններում հաջողությունների չի հասնում, որովհետեւ հայ մարզիկները լավ են անհատական խաղերում, բայց կաղում են թիմային մարզաձեւերում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց լեգենդար ծանրամարտիկ, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախկին նախարար Յուրի Վարդանյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու հայերը ֆուտբոլի աշխարհի առաջնությանը չեն մասնակցում:
«Պակաս բաներ ունենք: Շատ փոքր երկրներ կան, որ աշխարհի առաջնություններին մասնակցում են, հետեւաբար փոքրությամբ չպետք է պայմանավորել, թե Հայաստանը 3 միլիոնանոց երկիր է, մենք իրավունք չունենք աշխարհի առաջնությանը մասնակցել: Բայց չգիտեմ, համեմայն դեպս, մարզիչը մեղավոր չէ, որ անընդհատ փոխում ենք, մենք շատ լավ մարզիչ ունեինք»,- ասաց նա:
Լեգենդար մարզիկի համոզմամբ՝ հայերը թիմային խաղերում շատ տկար են, հենց սա էլ մեր թերությունն է. «Եկեք հիշենք՝ խմբակային սպորտաձեւերում բացի Արարատ 73-ից եւ թիմային ֆուտբոլի մի քանի հաջողություններից, ե՞րբ ենք թիմայինում հաջողություն ունեցել: Շախմատը չհաշվենք, որովհետեւ չնայած թիմային են հաղթում, բայց սեղանների մոտ անհատական են նստում: Մեր սխալն այնտեղ պետք է տեսնենք: Եթե մենք դրսից ենք մարզիչ բերում, կամ այստեղից հրավիրում ենք լավագույնին, այ սրա վրա պետք է նրա ուշադրությունը հրավիրել»:





























