Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը NEWS.am-ի խնդրանքով անդրադարձել է հունիսի 23-ին Սարյան փողոցում ոստիկանների եւ ակտիվիստների միջեւ տեղի ունեցած բախումներին:

Պարոն Գասպարյան վերջին շրջանում ոստիկանները ակցիաների ժամանակ ավելի ագրեսիվ են, մասնավորապես խոսքը հունիսի 23-ին Սարյան փողոցում կատարվածի մասին է, երբ ոստիկանները ուժ կիրառեցին: Ինչպիսին է Ձեր գնահատկանը այդ օրվա ոստիկանական գործողություններին:

Եթե մենք խոսում ենք ուժ կիրառելու մասին, ապա ասեմ, որ դա ոստիկանական գործառույթ է, եւ դրան պետք է նորմալ վերաբերվել: Ոստիկանությունը հասարակական կարգը ապահովելիս՝ կարող է կիրառել տարբեր մոտեցումներ: Այդ մոտեցումներից մեկը համոզելու մեթոդն է, իսկ եթե այդ մոտեցումը չի ընկալվում, ապա հասարակական կարգը վերականգնելու համար անհրաժեշտություն է առաջանում դիմել մյուս մեթոդին՝ այն է հարկադրանքի միջոցին, իսկ հարկադրանքը ինքնին ենթադրում է ուժի կիրառում:

Ես ուզում եմ, որ հասարակությունը, մեր քաղաքացիները, ակցիաների մասնակիցները ի վերջո հասկանան, որ հասարակական կարգը ապահովելիս՝ ուժ կիրառելը ոչ միայն ոստիկանի իրավունքն է, այլեւ՝ պարտականությունը: Խոսքը իրավաչափ ուժ կիրառելու մասին է: Ինչ վերաբերում է Սարյան փողոցում տեղի ունեցածին, ապա կարծում եմ, որ ոստիկանները ճիշտ են գնահատել օպերատիվ իրավիճակը, եւ քանի որ տեւական ժամանակ համոզելու մեթոդը չի ազդել, ապա ոստիկանությունը ստիպված էր հարկադրանքով ապահովել հասարակական կարգը: Եւ ուժի կիրառումը համաչափ էր. չեն օգտագործվել հատուկ միջոցներ: Իհարկե, հնարավոր է՝ եղած լինեն առանձին դրսեւորումներ, որոնց գնահատական կտրվի համապատասխան ուսումնասիրություններից եւ քննարկումներից հետո միայն: