Կահիրեում սկսվել է սեռական բռնությունների գործով առաջին դատավարությունը: Մեղադրյալների աթոռին 16-49 տարեկան 12 մարդ է, որոնք մեղադրվում են կանանց սեռական հետապնդումների մեջ, ինչպես նաեւ նախագահական ընտրություններին Աբդել աս Սիսիի հաղթելու կապակցությամբ հունիսի 3-ին եւ 8-ին Թահրիր հրապարակում տոնակատարությունների օրերին բռնությունների եւ բռնաբարությունների մեջ:
Դատարանը քննում է հինգ գործ: Ամենալայն արձագանքն էր ստացել հունիսի 3-ին 43-ամյա կնոջ վրա հարձակումը, երբ տղամարդկանց մի խումբ շրջապատել էր իսլամական ավանդական հագուկապով մորն ու աղջկան: Մայրը, փորձելով պաշտպանել երիտասարդ դստերը, ամենաշատն էր տուժել. նրան գետին էին տապալել, այնուհետեւ սկսել պատռել հագուստները: Այնուհետեւ կնոջ վրա փողոցային առեւտրականի սայլակից ընկել էր եռացած ջրով թեյնիկը: Կնոջը մահից փրկել էին երկու ոստիկաններ: Տուժածը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց:
Նախագահ ընտրված աս Սիսին այս գործն անուշադրության չի մատնել: Նա անձամբ է այցելել տուժած կնոջը հիվանդանոցում: Նրա առաջին հրամաններից է եղել կանանց նկատմամբ սեռական բռնություններին հակազդելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու մասին հանձնարարությունը, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Սկսված դատավարությունը հիմնվում է ամսվա սկզբում ընդունված օրենքի վրա, որը ազատազրկում եւ տուգանք է նախատեսում կանանց նկատմամբ ոտնձգություններ կատարելու դեպքում: Ընդ որում՝ հակազդեցության միջոցներից մեկը նախատեսում է նաեւ հանցագործների մերձավոր հարազատների պատիժ:





























