Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի ձեռքում է: Հունիսի 25-ի մամուլի ասուլիսին այսպիսի կարծիք հայտնեց «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Աշոտ Մանուչարյանը:
«Եթե Լոնդոնը եւ Սպիտակ տունը որոշեն, որ Ցեղասպանությունը պետք է ճանաչվի, այն կճանաչվի, եթե անգամ մոլորակի վրա ոչ մի հայ չմնա: Իսկ եթե Անգլիան եւ Ամերիկան որոշեն, որ այն չպետք է ճանաչվի, ինչպես մինչ օրս են որոշել, ապա մենք չպետք է մեզ հիմարի տեղ դնենք եւ բղավենք, որպեսզի այդ ճիչերը չօգտագործվեն Թուրքիայի դեմ նոր խարդավանքների համար, ինչի հետեւանքով հարեւան պետությունը ավելի մեծ ատելությամբ է լցվում հայերի նկատմամբ», - համոզված է Մանուչարյանը: Այսպես, նրա կարծիքով, Ցեղասպանության ճանաչման հարցը արդեն դրված է օրակարգում, «եւ պետք չէ ամբողջ օրը դրանով զբաղեցնել»: Ավելին, այս հարցի նախկին մոտեցումները բավականին հնացել են:
Մասնավորապես, Ցեղասպանության 100-ամյա տարելիցը չպետք է դիտարկվի միայն որպես ողբերգական իրադարձությունների եւ դրան հետեւող փոխհատուցման վճարման հերթական հնարավորություն: «1915թ.-ից մենք կորցրել ենք միասնաբար ապրելու հնարավորությունը: Եվ Ցեղասպանության 100-ամյա տարելիցը մեզ հնարավորություն է տալիս միավորվել: Եվ այդ նույն Ամերիկան եւ Անգլիան պատրաստ կլինեն դրան նպաստել»- եզրափակեց Մանուչարյանը:





























