«Չորորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում Բելգիայում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցի հասցեին հնչեցված մեղադրանքները կեղծ են եւ չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Չորրորդ իշխանություն» թերթն իր այսօրվա համարում գրել է. ««ՉԻ» տեղեկություններով՝ Հայաստանի ԱԳՆ-ում մտահոգված են ոչ միայն մեր երկրի գլոբալ պրոբլեմներով, այլեւ Բելգիայի Թագավորությունից ստացված գրությանը հարմար պատասխան գտնելու հարցով։ «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝  բանը կարող է հասնել նրան, որ Բելգիայի ներկայիս դեսպան Ավետ Ադոնցը, որին պատրաստվում են գործուղել Իսպանիա, ամենեւին էլ չնշանակվի Իսպանիայի Թագավորությունում ՀՀ դեսպան, քանի որ առայժմ թաքուն պահված այս սկանդալային պատմությունը կապված է անձամբ նրա հետ։ Գաղտնիք չէ, թե ինչու են շատ պաշտոնյաներ երազում դիվանագիական ծառայության մասին։ Մեր երկրի պետբյուջեի հաշվին գնում, տարիներով բարեկեցիկ ապրում են, բացի դա՝ օգտվում են նաեւ այն երկրի բյուջեից, որտեղ անցնում են դիվանագիտական ծառայության։

Բանն այն է, որ Եվրոպայում գործում է օրենք, ըստ որի՝ դիվանագետները 300 եվրոն գերազանցող գնում կատարելիս հենց խանութում ետ են ստանում վճարված գումարի 21 տոկոսը։ Բոլորն էլ լայնորեն օգտվել եւ օգտվում են այդ կարգից։ Սակայն դիվանագիտական ամբողջ կորպուսից «համը հանել» եւ բացահայտվել է հենց նոր դեսպանը՝ Ավետ Ադոնցը։ Լուրեր կան, որ նա իր տիկնոջ հետ միասին այդ եղանակով այնքան «Rolexs» ժամացույցներ, ինչպես նաեւ բարձր կարատանոց ադամանդյա քարեր է բերել Հայաստան, որ գրավել է բելգիական հատուկ ծառայությունների ուշադրությունը։

Դեսպանի մերձավոր շրջապատից ճշտված տեղեկության համաձայն՝ Բելգիայի հատուկ ծառայություններից հարցում են ուղարկել Հայաստանի ԱԳՆ եւ ԱԱԾ՝ խնդրելով պարզել, թե ինչպես է հնարավոր պետական աշխատավարձով տարեկան մի քանի տասնյակ «Rolexs»-ներ եւ 30-50 հազար եվրոյանոց ադամանդյա քարեր գնել եւ անարգել տանել Հայաստան»: