News of the World պարբերականի աշխատակիցների կողմից քաղաքական գործիչների եւ շոու բիզնեսի աստղերի հեռախոսազրույցների գաղտնալսումների գործով ատենակալների ժյուրին ցրել են այն բանից հետո, երբ այն չի կարողացել վճիռ կայացնել հրատարակչության նախկին գլխավոր խմբագիր Էնդի Քոուլսոնի եւ թղթակից Քլիվ Գուդմանի գործով:

Քոուլսոնը եւ Գուդմանը մեղադրվում են ոստիկաններին կաշառելու եւ թագավորական ընտանիքի անդամների անձնական հեռախոսահամարները ստանալու մեջ: Նրանց գործով դատավարությունը տեւել է ութ ամիս, սակայն չնայած տարբեր վկայությունների հսկայական թվին, ատենակալները չեն կարողացել վճիռ կայացնել:

Թագավորական դատախազության ծառայությունը երկուշաբթի կհայտարարի՝ տեղի կունենա արդյոք Քոուլսոնի եւ Գուդմանի գործով կրկնակի դատավարություն:

Ամենահետաքրքիրն այն է, որ News of the World-ի գլխավոր խմբագրի պաշտոնանկությունից հետո, Քոուլսոնը հաղորդակցական գծով  տնօրեն է աշխատել Դեյվիդ Քեմերոնի մոտ, որն սկզբում ընդդիմության առաջնորդն էր, իսկ այնուհետեւ դարձավ վարչապետ:  Քեմերոնն արդեն ներողություն է խնդրել, որ հավատացել է Քոուլսոնի անմեղությանը եւ նրան աշխատանքի վերցրել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»: Երեքշաբթի ատենակալների դատարանը հանել էր բրիտանացի մեդիամագնատ Ռուպերտ Մերդոկի օգնականուհի եւ News International-ի ղեկավար Ռեբեկա Բրուքսի վրայի բոլոր մեղադրանքները, որը մեղադրվում էր լրագրողների կողմից բրիտանացի հայտնի անձանց, քաղաքական գործիչների եւ թագավորական ընտանիքի անդամների հեռախոսները գաղտնալսելու  գործում: Քոուլսոնը մեղավոր էր ճանաչվել գաղտնալսումների մեջ:

Տվյալ դատական գործի լսումներն սկսվել էին 2013 թ. նոյեմբերին: Այն ժամանակ News of the World –ի երեք նախկին աշխատակիցներ՝ ավագ թղթակից Նեւիլ Թերբլեքը,  լրատվական բաժնի խմբագրի օգնական Ջեյմս Ուիթերափը եւ լրատվական բաժնի խմբագիր Գրեգ Միսկիվը,  ընդունել էին իրենց մեղքը՝ գաղտնալսումների մեջ: Հեռախոսազանգերը գաղտնալսելը խոստովանել էր նաեւ թերթի հետ համագործակցող մասնավոր խուզարկու Գլեն Մալքեյրը:

Գոշի մասնակիցները յոթ մարդ են, այդ թվում նաեւ՝ Բրուքսը եւ Քոուլսոնը, որոնք հերքում են իրենց մեղքը: