Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի պատգամավորների խումբն իր մտահոգությունն է հայտնել Ադրբեջանում մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ օրենքի գերակայության վիճակի կապակցությամբ:

Ինչպե սնշվում է նրանց համատեղ հայտարարության մեջ, Ադրբեջանը մշտապես հրաժարվում է պահպանել իր միջազգային պարտավորությունները: Մասնավորապես, մտահոգիչ հաղորդագրություններ են ստացվում խոսքի եւ հավաքների ազատության խախտմամբ, հետապնդումների, անհիման ձերբակալությունների եւ կալանավորումների մասին, որ Ադրբեջանի իշխանությունները վերածել են սովորական պրակտիկայի՝ ընդդիմությանն ու անկախ լրատվամիջոցներին լռեցնելու համար: Մտահոգում են նաեւ ՀԿ-ների հետագա սահմանափակման մասին տեղեկությունները:

Այդ կապակցությամբ խորհրդարանականները ԵԽԽՎ-ին կոչ են անում անհապաղ գործողություններ ձեռնարկել: ԵԽԽՎ-ն արդեն վաղուց Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել կատարել իր պարտավորություններն ու հարգել ԵԽ արժեքները, սակայն ապարդյուն:

Հայտարարությունը ստորագրել է հայաստանյան պատվիրակությունը, նաեւ ֆրանսիացիներ Ֆրանսուա դը Ռոշբլուանն ու Ռենե Ռուքեն, նրանց գործընկերները Ավստրիայից, Նիդեռլանդներից, Միացյալ Թագավորությունից, Գերմանիայից, Լատվիայից, Էստոնիայից, Իռլանդիայից, Իսլանդիայից, Շվեյցարիայից, Շվեդիայից եւ Դանիայից: