Էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Գյունտեր Էթինգերը հայտարարել է, որ «Հարավային հոսքին»  աջակցող ԵՄ երկրները պետք է  սպասեն հետեւանքների: Նա իր նախազգուշացումը բացատրել է նրանով, որ Ռուսաստանից Եվրոպա նոր գազատարի նախագիծը խախտում է ԵՄ իրավական նորմերը, փոխանցում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:

Էթինգերը երկրներին կոչ է արել զերծ մնալ այդ նախագծում համագործակցությունից, քանի դեռ չեն լուծվել իրավական հարցերը: Բացի դրանից, եվրահանձնակատարը քննադատել է «Հարավային հոսքը»՝ ասելով, որ այն հակասում է Եվրահանձնաժողովի ռազմավարությանը՝ գազի աղբյուրները բազմազանեցնելու  եւ ՌԴ-ից գազային կախվածությունը նվազեցնելու վերաբերյալ:  

Ռուսաստանը եւ Ավստրիան հունիսի 24-ին համաձայնագիր են ստորագրել «Հարավային հոսք» գազատարի ավստրիական հատվածը անցկացնելու վերաբերյալ՝ չնայած Եվրահանձնաժողովի դժգոհությանը: Բրյուսելում նշում են, որ նախագիծը խախտում է եվրոպական օրենսդրությունը, քանի որ  «Գազպրոմը»՝ որպես գազի մատակարար, կարող է վերահսկել գազատարը: