Գերմանիայի իշխանությունները կհաստատեն ֆինանսական հատուկ պլան, որը թույլ կտա զգալիորեն կրճատել բյուջետային ծախսերը։ Փաթեթը ներկայումս քննարկվում է կառավարության փակ բանակցություններում։ Հինգ տարվա ընթացքում տնտեսումը պետք է կազմի շուրջ 51 մլրդ եվրո, իսկ արդեն 2010 թվականին պետության ծախսերը կկրճատվեն 11 մլրդ եվրոյով, հայտնում է Forbesrussia-ն։
Ծախսերի պակասեցումը, ինչպես նշվում է, կկատարվի մի քանի ճանապարհներով, այդ թվում՝ պետական հատվածում աշխատող մարդկանց թվի կրճատմամբ։ Այսպես. տարբեր լրատվամիջոցների տվյալներով, պետական ծառայողների թիվը պետք է նվազի 10-15 հազարով, որի արդյունքում հնարավոր կլինի տնտեսել շուրջ 800 մլն եվրո։ Բացի այդ, պաշտոնյաներին սպառնում է աշխատավարձերի իջեցում ՝2,5 տոկոսով։
Ծախսերի կրճատում է նախատեսվում նաեւ սոցիալական ոլորտում։ Մասնավորապես՝ կվերացվեն նպաստների մի շարք տեսակներ։ Չի բացառվում, որ տնտեսման նպատակով կկրճատվեն նաեւ բանակի ծախսերը։ Բյուջետային ծախսերի կրճատումների պատճառը ֆինանսական ճգնաժամն է եւ եվրոպական արժույթի կայունացման անհրաժեշտությունը։



























