Դոնեցկի եւ Լուգանսկի ինքնահռչակ «ժողովրդական հանրապետությունների» Միության խորհրդարանն իր առաջին նիստում վավերացրել է ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի «Ժողովրդական հանրապետությունների միություն» (ԺՀՄ) ստեղծելու սահմանադրական ակտը:

Փաստաթուղթն ընդունվել է միաձայն, ավելի վաղ դրա օգտին քվեարկել էին ԼԺՀ-ի եւ ԴԺՀ-ի խորհրդարանները: Սահմանադրական ակտի տեքստում նշված է, որ ԺՀՄ-ն «դեմոկրատ, համադաշնային, իրավական պետություն» է, որտեղ ընդունվում եւ պաշտպանվում են քաղաքացիների հավասար իրավունքները: ԺՀՄ-ն, համաձայն սահմանադրական ակտի, բաց է այլ պետությունների հետ միավորման համար:

Հիշեցնենք, որ մայիսի 24-ին Դոնեցկում Ուկրաինայի հարավ-արեւելյան ժողովրդական ներկայացուցիչների համագումարի արդյունքներով Ժողովրդական հանրապետությունների միություն ստեղծելու մասին Հռչակագիր է ստորագրվել, որը միավորելու է ԴԺՀ-ն ու ԼԺՀ-ն: