Լիտվայում թռչնաֆաբրիկաներից մեկն արտասովոր մարքեթինգային քայլ է մտածել: Այն հայտարարել է, որ սկսելու է առանց կեղեւի ձու վաճառել:
Գնորդները կարող են առանձին-առանձին ձեռք բերել պաստերիզացված սպիտակուց, դեղնուց կամ պարզապես հարած ձվային զանգված: Այս մասին գրում է «Պոսիյսկայա գազետա»-ն:
«Մեզ մոտ ժամանակակից իտալական սարքավորումներ են ներդրվել: Սպիտակուցներն ու դեղնուցները մեխանիկորեն առանձնացվում են կեղեւից, պաստերիզացվում եւ լցվում տարբեր տարողությամբ փաթեթների մեջ»,- պատմել է թռչնաֆաբրիկայի կառավարիչ Գինտաուտաս Շմայժիսը:
Նա նաեւ նշել է, որ նոր արտադրանքի հանդեպ հետաքրքրություն են ցուցաբերում հաց ու թխվածք արտադրողները, ճաշարաններն ու սրճարանները, որոնք ամեն օր մեծ քանակությամբ ձու են օգտագործում: Հանրային սննդի օբյեկտների համար դեղնուցը, սպիտակուցն ու ձվային զանգվածը վաճառվելու են 1, 5 եւ 10 լիտր տարողությամբ, իսկ անհատների համար՝ 0.5 լիտր տարողությամբ փաթեթներով:





























