Ֆրանսիայի դատարանը արդարացրել է իր խանութ ներխուժած զինված կողոպտչին սպանած ոսկերիչին:
Միջադեպը տեղի է ունեցել 2012թ. հուլիսին Փարիզի Մոտտ-Պիկե փողոցում: Կողոպտիչը հրացանը ձեռքին խանութ է մտել, սակայն ոսկերիչին հաջողվել է սեյֆից դուրս բերել իր ատրճանակը եւ մի քանի անգամ կրակել: Արդյունքում ավազակը վնասվածքներ է ստացել ուսին եւ ազդրին եւ ավելի ուշ մահացել ստացված վերքերից:
Ոսկերիչը զենքի պահպանման իրավուք ուներ, եւ անձամբ էր ոստիկանություն կանչել դեպքի վայր, սակայն սպանության մեղադրանքով դատական վերահսկողության տակ էր գտնվում:
Բոլոր հանգամանքները ուսումնասիրելուց հետո դատարանը ոսկերիչի գործողությունները որակել է՝ որպես թույլատրելի պաշտպանություն: Գործը փակված է հանցագործության ապացույցների բացակայության հիմքով, հաղորդում է Rosbalt_ը՝ վկայակոչելով BFMTV հեռուստաալիքին:




























