Ամերիկյան Google ընկերությունը սկսել է ծառայության կայքի որոնողական համակարգերից ջնջել Եվրամիության երկրների օգտատերերի անձնական տվյալները:

Ինժեներներն անհրաժեշտ փոփոխություններ են մտցրել ընկերության տեխնիկական սարքավորումներում, որոնք թույլ են տալիս ջնջել օգտատերերի տվյալները: Հունիսի 26-ից ընկերությունը սկսել է տարածել առաջին էլեկտրոնային հաղորդագրությունները, որոնք օգտատերերին տեղեկացնում են անձնական տվյալները ջնջելու վերաբերյալ իրենց հարցումները բավարարելու մասին: Այս մասին գրում է «Ռոսբալտ»-ը՝ հղում կատարելով Wall Street Journal-ին:

Ընկերության ներկայացուցիչը նշել է, որ յուրաքանչյուր հարցում անհատականորեն է մշակվում, եւ ընկերությունն «ամբողջ ուժով աշխատում է, որպեսզի արձագանքի կուտակված հարցումներին»: Ներկայում Google-ը տվյալները ջնջելու վերաբերյալ ավելի քան 40 հազար հարցում է ստացել:

Ավելի վաղ Եվրոպական դատարանը որոշել էր, որ որոնողական համակարգերը կառավարող IT ընկերությունները պատասխանատվություն են կրում անձնական տվյալները տարածելու համար, որոնք հայտնվում են երրորդ անձանց կայք-էջերում, եւ պարտավոր են արձագանքել այդ տվյալները ջնջելու մասին հարցումներին: