Թբիլիսին փորձում է Մոսկվային հասկացնել, որ Ռուսաստանի հարավային սահմաններում բարգավաճող, կայուն եւ ժողովրդավարական Վրաստանը բխում է հենց Ռուսաստանի շահերից, ֆրանսիական Le Monde թերթին տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին:
Հարցին՝ ինչ է իրենից ներկայացնում Ասոցացման համաձայնգիրը, որը Վրաստանը պատրաստվում է ստորագրել ԵՄ-ի հետ, Գեորգի Մարգվելաշվիլին պատասխանել է. «Վրաստանի համար դա պարադիգմայի փոփոխություն է: 5 տարի շարունակվող «Արեւելյան գործընկերությունը» արդեն իսկ դրական ազդեցություն է թողել մեր հասարակության վրա. դրա զարգացումը հանգեցրել է նոր ժողովրդավարական օրակարգի ստեղծմանն ու կարեւոր բարեփոխումների: Համաձայնագիրը չի նախատեսում ինքնաբերաբար անդամակցություն, սակայն մենք հույս ունենք օգտագործել մեր բոլոր փաստարկները մեր թեկնածության հետագա առաջախաղացման համար:
Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ին անդամակցելու Վրաստանի մտադրությանը, ապա երկրի իշխանությունները «փորձում են նվազեցնել լարվածությունը եւ ապացուցել ռուս քաղաքական գործիչներին, որ Ռուսաստանի հարավային սահմաններում բարգավաճող, կայուն եւ ժողովրդավարական Վրաստանը բխում է հենց Ռուսաստանի շահերից եւ ոչ մի վտանգ չի ներկայացնում», - նշել է նախագահը:
«Ինչպես մեր ընկերներից, այնպես էլ թշնամիներից շատերը վստահ են, որ նախկին ԽՍՀՄ-ը վերածվել է Ռուսաստաստանի հետնամուտքի: Եւ հենց այս պարադիգմն ենք մենք ցանկանում փոխել», - ընդգծել է Գեորգի Մարգվելաշվիլին:





























