Ալբանիայում աղմկահարույց սպանություն է կատարվել. մայրաքաղաք Տիրանայում սպանվել է երկրի խոշորագույն բանկերից մեկի գործադիր տնօրեն եւ համահիմնադիր Արտան Սանտոն:
Ականատեսները վկայում են, որ երկու մարդ մոտոցիկլով մոտեցել են Սանտոյին, երբ վերջինս բանկի մուտքի մոտ է եղել եւ կրակել մոտ հեռավորությունից:
Ոստիկանությունը փակել է քաղաքի ելքերը եւ 10 հազար եվրո պարգեւ խոստացել հանցագործների մասին տեղեկատվություն տրամադրելու համար:
Հանցագործության շարժառիթը հայտնի չէ: Բանկի շենքից տարհանվել են բոլոր աշխատակիցները, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:




























