Ամերիկայի հայերը, հույների եւ ասորիների հետ միասին, ողջունել են Թուրքիայի քրիստոնեական եկեղեցիների մասին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ընդունած բանաձեւը: Այս մասին տեղեկացնում է Asbarez-ը:

«Հայկական, հունական եւ ասորական ծագմամբ ամերիկացիները՝ ժառանգները նրանց, ովքեր 1915-1923թ.թ. Օսմանյան Թուրքիայում ենթարկվել են ցեղասպանության, ում եկեղեցիները շարունակում են մնալ թուրքական կառավարության գերին, միանում են բոլոր հավատքներից իրենց ընկերներին՝ ողջունելով Թուրքիայի քրիստոնեական եկեղեցիների մասին բանաձեւի ընդունումը»,- հայտարարել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ատենապետ Քեն Հաչիկյանը:

Նրա խոսքով, բանաձեւի ընդունումը հզոր ազդանշան է ուղարկում Անկարային՝ կոչ անելով դադարեցնել հակաքրիստոնեական քաղաքականությունը եւ համակերպվել հայերի, ասորիների, կիպրացիների, պոնտացիների եւ Թուրքիայի անպատիժ հանցագործությունների մյուս զոհերի առջեւ բարոյական, նյութական եւ իրավական պարտավորությունների հետ:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ամերիկյան Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը քվեարկել էր Թուրքիայի քրիստոնեական եկեղեցիների մասին բանաձեւը: