Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նոր հեռախոս է ձեռք բերել, որն անհնար է գաղտնալսել, հաղորդում է Focus Online-ը:

Blackberry Q10-ը պատրաստվել է հատուկ Գերմանիայի ղեկավարի համար եւ հագեցած է «գաղտնի չիպով», պնդում է պարբերականը: Մերկելը հրաժարվել է սենսորային դիսփլեյով հեռախոսից՝ ընտրելով դասական ստեղնաշարով հեռախոս:

Blackberry-ի արժեքը չի նշվում: Հայտնի է միայն, որ «գաղտնի չիպն» արժե 2,5 հազար եվրո, հաղորդում է Lenta.ru-ն:

Դրա շնորհիվ, կանցլերի հեռախոսային խոսակցությունները եւ հաղորդագրությունները կկոդավորվեն: Focus Online-ը նշում է, որ բացի Մերկելից, համաշխարհային առաջնորդներից Blackberry հեռախոս է օգտագործում նաեւ Բարաք Օբաման:

Հիշեցնենք, որ Գերմանիայի կանցլերի հեռախոսազրույցները գաղտնալսելու շուրջ սկանդալը ծագել էր 2013-ի հոկտեմբերին: Ամերիկյան ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը հայտնել էր, որ ամերիկյան հատուկ ծառայությունները գործունեություն են ծավալում Գերմանիայի տարածքում: Բարաք Օբաման անձամբ էր խոստացել Մերկելին դադարեցնել նրա խոսակցությունների գաղտնալսումը: