Ռումինիայի խորհրդարանը Եվրամիության Խորհուրդ հռչակագիր է ուղարկել՝ պահանջելով երկրի նախագահ Տրայան Բասեսկուի հրաժարականը, ով հայտնվել է իր եղբայր Միրչեյի հետ կոռուպցիոն սկանդալի կիզակետում: 

«Հռչակագիրն ուղարկվել է ԵՄ Խորհրդի անդամներին, պետությունների ղեկավարներին եւ Եվրամիության անդամ պետությունների կառավարություններին»,- ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հինգշաբթի այս մասին լրագրողներին հայտնել են օրենսդիր մարմնում:

Փաստաթղթում ասվում է, որ նախագահի ձերբակալված եղբայրը ներգրավված է եղել քրեական հանցագործ Սանդու Անգելին բանտից ազատելու դիմաց կաշառք ստանալու գործում: Նա ծրագրել է ներգրավել նաեւ հենց պետության ղեկավարին, որպեսզի նա ճնշում գործադրի արդարադատության համակարգի վրա:

Ռումինական խորհրդարանը հունիսի 25-ին կողմ էր քվեարկել հռչակագրին, որում նշվում է, որ «միայն նախագահի հրաժարականը ռումինական արդարադատությունը կփրկի քաղաքացիների եւ միջազգային հանրության աչքերում»:

Վարչապետ Վիկտոր Պոնտան լրագրողներին բացատրել է, որ եթե Բասեսկուն հրաժարվի լքել պաշտոնը, իշխող կոալիցիայի պատգամավորները խորհրդարանում իմփիչմենթի գործընթաց կնախաձեռնեն: