Բնապահպանության ոլորտում հայ-իրանական երկարամյա համագործակցության փորձն առավել սերտ կշարունակվի և կխորանա: Այս մասին, այսօր՝ հունիսի 27-ին, ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մոհամմադ Ռեյիսին:
Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեսպանը շնորհավորել է Արամայիս Գրիգորյանին բնապահպանության նախարար նշանակվելու առթիվ, փոխանցել ԻԻՀ բնապահպանական կազմակերպության ղեկավար Մասումե Էբթեքարի շնորհավորանքները եւ նշել. «Համոզված եմ, որ բնապահպանության ոլորտում հայ-իրանական երկարամյա համագործակցության փորձն առավել սերտ կշարունակվի եւ կխորանա առաջիկայում, քանի որ մենք միայն հարեւաններ չենք, մենք հազարամյակների բարեկամություն ունեցող երկրներ ենք»: Դեսպանը հույս է հայտնել, որ առաջիկայում հնարավոր կլինի կյանքի կոչել եւ կառուցողական ընթացք տալ նախկինում ձեռք բերված բանավոր համաձայնություններին:
Արամայիս Գրիգորյանը շնորհակալություն հայտնելով շնորհավորանքների եւ բարեմաղթանքների համար` ընդգծել է. «Մենք բարձր ենք գնահատում բարեկամական հիմքերի վրա դրված հայ-իրանական հարաբերությունները եւ այսուհետ եւս անելու ենք ամեն ինչ համատեղ սկսած ծրագրերը բարեհաջող ավարտին հասցնելու եւ նորերն իրականացնելու ուղղությամբ»:
Հանդիպման կողմերը քննարկել են համատեղ իրականացվող բնապահպանական ծրագրերի ընթացքը եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:











