Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում երկրի հազարավոր բնակիչներ, ովքեր սատարում են նախագահի թեկնածու Աբդուլլահ Աբդուլլահին, ընտրությունների ընթացքում տեղ գտած զանգվածային խախտումների մասին հայտարարությունից հետո արգելափակել են նախագահի նստավայրի մուտքի մի մասը: ИТАР-ТАСС-ը, հղում կատարելով Reuters գործակալությանը, գրում է, որ ցուցարարները պահանջում են շտապ միջոցներ ձեռնարկել հունիսի 14-ին կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի ընթացքում կատարված խախտումների հետաքննության ուղղությամբ:

Անվտանգության ուժերը շրջապատել են ցուցարարներին, բայց առայժմ չեն միջամտում: Ոստիկանությունում նշում են, որ հետեւում են կարգուկանոնին՝ փորձելով կանխել հնարավոր սադրանքներն ու ահաբեկչական գործողությունները:

Աբդուլլահ Աբդուլլահը միացել է ցուցարարներին՝ նախագահի նստավայրին մոտենալով ոչ մեծ բեռնատար մեքենայով, թափահարելով երկրի դրոշը: Կողմնակիցները նախագահի թեկնածուին ուրախ բացականչություններով են դիմավորել:

Անցյալ շաբաթ Աբդուլլահը գործող նախագահ Համիդ Քարզային, ինչպես նաեւ մարզային կառավարիչներին եւ ոստիկանության աշխատակիցներին, մեղադրել էր ընտրությունների արդյունքները կեղծելու համար: Նա հրաժարվել է ընդունել ընտրությունների արդյունքները եւ պահանջել է դադարեցնել Անկախ ընտրական հանձնաժողովի աշխատանքները: