ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինայում հրադադարի ավարտից մոտ տասը ժամ առաջ հայտարարել է  երկարաժամկետ հրադադարի ռեժիմի եւ երկխոսության վերադառնալու անհրաժեշտության մասին:

«Ուկրաինացիները պետք է խաղաղության, երկխոսության եւ համաձայնության ուղի վերադառնան: Կարեւորը՝ ապահովել հրադադարի երկարաժամկետ ռեժիմ՝ որպես անհրաժեշտ նախապայման Կիեւի իշխանությունների եւ հարավարեւելյան շրջանների ներկայացուցիչների միջեւ բովանդակալից երկխոսություն վարելու համար», - ընդգծել է  ՌԴ նախագահը օտարերկրյա պետությունների դեսպաններին հավատարմագրերի հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ:

Պուտինը նշել է, որ ՌԴ-ն անկեղծորեն փորձում է աջակցել խաղաղ գործընթացին:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի հակաահաբեկչական գործողության ուժերի եւ ռուսամետ ակտիվիստների միջեւ հրադադարի ժամկետն ավարտվում է հունիսի 27-ին՝ ժ. 22:00-ին: