Լիբիայում առեւանգել են շինարարական ընկերության երկու թուրք աշխատակիցների:
Միջադեպը տեղի է ունեցել Տրիպոլիում՝ Summa Insaat շինարարական ընկերությունից ոչ հեռու, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Աշխատողներն ուղեւորվելիս են եղել հանրակացարան, երբ նրանց առեւանգել են անհայտ անձինք: Նրանց գտնվելու վայրի եւ վիճակի մասին տեղեկություն ներկայումս չկա:
Նշվում է, որ Լիբիայում Թուրքիայի քաղաքացիների անվտանգությունը սպառնալիքի տակ է: Դա կապված է Լիբիայի գեներալ Խալիֆա Հաֆթարի գործողությունների հետ, որը պատերազմ է հայտարարել ծայրահեղականներին եւ երկրի արեւելքում հակաահաբեկչական գործողություն է ծավալում:
Հունիսի 22-ին գեներալի խմբավորումները հայտարարել են, որ Թուրքիայի եւ Քաթարի քաղաքացիներին 48 ժամ են տալիս՝ գեներալի ջոկատների վերահսկողության ներքո գտնվող տարածքները լքելու համար: Հակառակ դեպքում՝ խոստացել էին ձերբակալել այդ պայմանը չկատարածներին: Հունիսի 24-ին Թուրքիայի շինարարական ընկերությունների 400 աշխատակից լքել է Լիբիան:
Նշենք, որ վերջին ժամանակներս հաճախադեպ է դարձել Թուրքիայի քաղաքացիներին պատանդ վերցնելը: Վերջին դեպքերից ամենախոշորը տեղի էր ունեցել հունիսի 11-ին, երբ Իրաքում իսլամիստներն առեւանգել էին Մոսուլում Թուրքիայի գլխավոր հյուպատոսության 49 աշխատակցի:



























