Հնդկաստանի ոստիկանները մտադիր են քրեական պատասխանատվության ենթարկել Գուդդի անունով մանկահասակ մի աղջնակի, որին կասկածում են զինված ավազակային հարձակման մեջ: Իրավապահները հաշվի չեն առնում նույնիսկ, որ կասկածյալն ընդամենը երեք տարեկան է, իսկ նրա դեմ բողոքել են վրիժառու հարեւանները:
Աղջիկը Ջհանսի քաղաքին կից գյուղում գտնվող իրենց տանն է եղել՝ հարազատների հետ, երբ այնտեղ են ժամանել ոստիկանները, փոխանցում է NEWSru-ն՝ վկայակոչելով The Daily Telegraph-ը:
Ոստիկանները մտադրվել էին հարցաքննել Գուդդին եւ բանտարկել նրան՝ համագյուղացիներից ստացված հայտարարության հիման վրա: Նրանք պնդել են, որ այն ժամանակ երկու տարեկան աղջիկը ավազակային հարձակման հանցակից է:
Գուդիի ընտանիքը փորձել է համոզել ոստիկաններին, որ իրենց գործողությունները սխալմունք են, կեղծ վկայության հետեւանք: Սակայն ոստիկանները պահանջել են իրենց հանձնել «ավազակին»: Միայն երբ ոստիկաններին ցույց են տվել փոքրիկ Գուդդին, նրանք հրաժարվել են իրենց զավեշտալի մտքից եւ հեռացել:
Ներկայումս հնդկական Ֆեմիդան հետ է կանչել Գուդդի ձերբակալության փաստաթուղթը: Դատավորը ոստիկանությանը պարտավորեցրել է նաեւ քննություն անցկացնել եւ պարզել, թե ինչ հիմունքով են ոստիկանները փորձել բանտ ուղարկել փոքրիկին: Սակայն հայտնի չէ, թե կարճվել է քրեական գործը, թե ոչ:





























