Վրաստանը դեռ չի կողմնորոշվել ԵՄ անդամակցության դիմում հանձնելու ժամկետների հարցում, երկիրը ԵՄ լիիրավ անդամ կարող է դառնալ 5-10 տարի հետո, Բրյուսելի մամուլի ասուլիսում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: 

Պատասխանելով լրագրողների  հարցին, թե Վրաստանը երբ կարող է դառնալ ԵՄ լիիրավ անդամ, Գարիբաշվիլին նշել է, որ «հինգ տարի կամ 10 տարի հետո: Ով գիտի:  Դա կախված է Վրաստանի առաջընթացից: Մենք ամբողջությամբ հակված ենք կատարել բոլոր բարեփոխումները՝ ԵՄ պահանջներին համապատասխանելու համար...  Ես կարող եմ երաշխավորել, որ կանենք հնարավոր ամեն ինչ՝ ԵՄ բոլոր պահանջները կատարելու համար»:

Հիշեցնենք՝ Վրաստանը եւ Մոլդովան հունիսի 27-ին ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիր են ստորագրել, որը նախատեսում է ԵՄ-ի հետ ազատ առեւտրի գոտու անդամակցություն: Բրյուսելում փաստաթղթերը ստորագրելուց առաջ Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն հայտարարել է, որ ասոցացման համաձայնագրերը Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի համար եվրոպական անդամակցության եզրափակիչ փուլը չեն: