Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը տեղյակ չէր, որ իր դեմ Հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ է հարուցել:

«Ես տեղյակ չեմ, ով ասել է, նրանցից էլ ճշտեք, կամ դիմեք ոստիկանության լրատվական ծառայությանը: Իրականությանը չհամապատասխանող լուրերն ինձ մի վերագրեք»,- NEWS.am-ի հետ զրույցում իր դեմ քրեական գործ հարուցելու մասին տեղեկությանն այսպես արձագանքեց Վալերի Օսիպյանը:

Հարցին՝ ինչու է այդ դեպքում գործ հարուցվել, Երեւանի փոխոստիկանապետը բարկացավ ու անջատեց հեռախոսը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Վալերի Օսիպյանի դեմ ՀՔԾ-ում քրեական գործ էր հարուցվել մամուլի հրապարակումների հիման վրա: Հիշեցնենք, որ հունիսի 1-ի գիշերը Վալերի Օսիպյանի եղբորորդին դանակահարել էր 22-ամյա Վանուշ Ալեքսանյանին: Մամուլում հրապարակումներ էին հայտնվել այն մասին, որ Երեւանի փոխոստիկանապետը հանդիպել էր միջադեպի մասնակիցներից մեկի մոր՝ Սուսաննա Հովհաննիսյանի հետ եւ փորձել համաձայնության գալ եւ իր եղբորորդու կատարած դանակահարությունը բարդել նրա որդու վրա: