Նորվեգիայի վարչապետ Էռնա Սուլբերգը ճանաչվել է Twitter սոցիալական ցանցի ամենաակտիվ օգտատեր եվրոպական առաջնորդների մեջ: Այդ մասին հաղորդում է The Local-ը՝ վկայակոչելով միջազգային Burson-Marsteller PR-գործակալության հետազոտությունը:

Նորվեգիայի վարչապետի էջին հետեւում են մոտ 95 հազար մարդ: Չնայած սոցցանցում չափավոր ակտիվությանը, վարչապետը մյուս առաջնորդներից ավելի հաճախ է պատասխանում օգտատերերի հարցերին: Ըստ հետազոտության, Սուլբերգի հաղորդագրությունների 74 տոկոսը անմիջականորեն կապված են իր հետեւորդների հետ շփմանը:

Twitter-ում ակտիվ են նաեւ այլ, ոչ եվրոպական երկրների առաջնորդներ: Ուգանդայի վարչապետը պատասխանում է հարցերի 95 տոկոսին, Ռուանդայի ԱԳ նախարարն ու վարչապետը՝ 87 տոկոս, Էկվադորի նախագահը՝ 81 տոկոս: