Լատվիայի արտգործնախարար Էդգարս Ռինկեւիչի հրավերով Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հունիսի 26-ին ժամանեց Ռիգա:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են,թ ենույն օրը Հայաստանի արտգործնախարարը հանդիպում ունեցավ Լատվիայի Սեյմասի նախագահ Սոլվիտա Աբոլտինայի հետ:
Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին` Լատվիայի խորհրդարանի ղեկավարն ասաց, որ Հայաստանը հանդիսանում է Լատվիայի կարեւոր գործընկերը Հարավային Կովկասում, եւ երկու երկրների հարաբերություններն առանձնանում են բաց եւ կառուցողական քաղաքական երկխոսությամբ եւ հարաբերությունները զարգացնելու պատրաստակամությամբ։ Սոլվիտա Աբոլտինան ընդգծեց, որ Լատվիայի Սեյմում Հայաստանի Ազգային ժողովի հետ բարեկամության միջխորհրդարանական խումբը ամենաբազմանդամներից մեկն է, կարեւորեց երկու երկրների խորհրդարանների հանձնաժողովների միջեւ համագործակցության ձեւավորումը։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը կարեւորում է խորհրդարանական դիվանագիտությունը` որպես երկրների եւ ժողովուրդների միջեւ համագործակցության կարեւոր ձեւաչափ:
Հանդիպմանը երկուստեք գոհունակություն հայտնվեց խորհրդարանական մակարդակով հայ-լատվիական ակտիվ համագործակցության եւ փոխայցելությունների կապակցությամբ, ինչը լրջորեն նպաստում է միջպետական հարաբերությունների զարգացմանը։ Կարեւորվեցին անցյալ տարի առեւտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ստեղծումը եւ դրա անդրանիկ նիստի արդյունավետ անցկացումը։
Լատվիայի Սեյմասի նախագահն ու Հայաստանի արտգործնախարարը հանգամանալից մտքեր փոխանակեցին տարբեր ոլորտներում փոխհարաբերությունների զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերի վերաբերյալ՝ հատկապես կարեւորելով առեւտրատնտեսական համագործակցության զարգացման ուղիների որոնումը։
Հանդիպմանն արծարածվեցին Հայաստան – Եվրոպական միություն հարաբերությունները, 2015թ. առաջին կիսամյակում ԵՄ-ում լատվիական նախագահության առաջնահերթությունները։
Զրուցակիները մտքեր փոխանակեցին նաեւ ուկրաինական ճգնաժամի եւ դրա հանգուցալուծման ուղիների շուրջ։
Նախարար Նալբանդյանի օրակարգում էր նաեւ հանդիպումը Սեյմասի Լատվիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Իվանս Կլեմենտյեւսի եւ խմբի անդամների հետ:
Պատգամավորների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի ԱԳ նախարարը ներկայացրեց ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, քննարկվեցին հայ-լատվիական հարաբերությունների, տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության առավել ընդլայնմանն առնչվող հարցեր:
Հունիսի 27-ին Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց իր լատվիացի գործընկերոջ՝ Էդգարս Ռինկեւիչի հետ:
Ողջունելով Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին՝ Լատվիայի արտգործնախարարն ասաց, որ ջերմությամբ է հիշում Երեւան կատարած իր այցելությունը եւ ուրախ է, որ այդ ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի են կոչվում։
Զրույցի ընթացքում նախարարներ Նալբանդյանն ու Ռինկեւիչը գոհունակությամբ նշեցին, որ Հայաստանի եւ Լատվիայի միջեւ հարաբերությունները վերջին շրջանում դինամիկ զարգանում են. անցած տարիների ընթացքում տեղի են ունեցել երկու երկրների Նախագահների, ինչպես նաեւ արտաքին գործերի նախարարների փոխադարձ այցելություններ, մի շարք հանդիպումներ միջազգային համաժողովների շրջանակներում:
Էդվարդ Նալբանդյանն ու Էդգարս Ռինկեւիչը անդրադարձան բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպման, երկու երկրների միջեւ քաղաքական, տնտեսական, մշակութային եւ կրթական բնագավառներում հարաբերությունների զարգացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերին։
Նախարարներն ընդգծեցին, որ իրենց ղեկավարած գերատեսչությունների միջեւ պարբերական խորհրդատվությունները լավ հիմք են ստեղծում համագործակցության առավել զարգացման համար:
Բանակցությունների օրակարգում էին միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության եւ միմյանց թեկնածությունների աջակցության հարցերը:
Երկուստեք նշվեց, որ վերջին շրջանում առավել ընդլայնվել է Հայաստանի եւ Լատվիայի միջեւ իրավապայմանագրային դաշտը եւ հարկավոր է այն համալրել կրթական, գիտական եւ մշակութային փոխգործակցության խորացմանը միտված համաձայնագրերով։
2015թ. առաջին կեսին Եվրոպական միությունում Լատվիայի նախագահության համատեքստում քննարկվեց Հայաստան - Եվրոպական միություն համագործակցությունը:
Նախարարական հանդիպման օրակարգում էին առեւտրատնտեսական համագործակցության առավել ամրապնդման ու ընդլայնման հարցերը: Այդ առումով կարեւորվեց գործարար համաժողովների կազմակերպումը։
Նախարարական հանդիպման օրակարգում էին առեւտրատնտեսական համագործակցության առավել ամրապնդման ու ընդլայնման հարցերը: Այդ առումով կարեւորվեց գործարար համաժողովների կազմակերպումը։
Էդվարդ Նալբանդյանը լատվիացի գործընկերոջը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերը։
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին նաեւ տարածաշրջանային արդի խնդիրների՝ ուկրաինական ճգնաժամի, Սիրիայում տիրող իրավիճակի, Իրաքում տեղի ունեցող զարգացումների, Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցային գործընթացի վերաբերյալ։
Էդվարդ Նալբանդյանն իր լատվիացի գործընկերոջը հրավիրեց այցելել Հայաստան:
Նախարարների հանդիպումից հետո նրանք հանդես եկան համատեղ մամլո ասուլիսով:
Ռիգայում Էդվարդ Նալբանդյանը այցելեց հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, որտեղ հանդիպում ունեցավ Լատվիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։





























