Մոնակոյի ամենահարուստ կնոջ՝ մայիսի վերջին մահափորձի հետեւանքով զոհված Էլեն Պաստորի փեսան գումար է վճարել սպանության համար, հաղորդում է «ՖրանսՊրեսս» գործակալությունը՝ վկայակոչելով դատախազի հայտարարությունը:

Մարսելում կայացած մամուլի ասուլիսում դատախազը հայտարարել է, թե սպանությունը ծրագրել էր 64-ամյա Վոյցեխ Յանովսկին, ով վարձու մարդասպանին 200 հազար դոլար է վճարել:

Յանկովսկին եւ նրա կինը՝ Սիլվիա Պաստորը ձերբակալվել էին անցած երկուշաբթի՝ սպանության գործի հետաքննության շրջանակներում: Մեկ օր անց Սիլվիա Պաստորին ազատ էին արձակել, իսկ քննչական միջոցառումները շարունակվել էին միայն նրա ամուսնու դեմ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Մահափորձը տեղի էր ունեցել մայիսի 6-ին Նիսում. Պաստորի ավտամեքենայի վրա կրակ էին բացել, որից նրա վարորդը՝ Մոհամեդ Դարվիշը մահացել էր մայիսի 10-ին, իսկ Պաստորը՝ մայիսի 21-ին հիվանդանոցում:

Էլեն Պաստորը Մոնակոյում մեծ ճանաչում ու հեղինակություն էր վայելում: Նրա ամուսինը՝ Կլոդ Պալանկան, Մոնակոյում Ռուսաստանի պատվավոր հյուպատոսն էր, իսկ ընտանիքը ահռելի քանակության անշարժ գույք ուներ Մոնակոյում: