Հունիսի 4-ին Վիեննայում` ԵԱՀԿ կենտրոնակայանում, ՀՀ ոստիկանապետի տեղակալ Արթուր Օսիկյանը ԵԱՀԿ մասնակից երկրներին է ներկայացրել 2010-2011թթ. Հայաստանի ոստիկանության բարեփոխումների ծրագիրը:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱԳՆ մամուլի ծառայությունից, հանդիպմանը բացման խոսքով հանդես է եկել ԵԱՀԿ նախագահող Ղազախստանի մշտական ներկայացուցիչ դեսպան Կաիրատ Աբդրախմանովը: Ողջունելով հյուրերին, նա մասնավորապես նշել է, որ ԵԱՀԿ կողմից բարձր են գնահատվում այս ուղղությամբ Հայաստանի կողմից ձեռնարկած քայլերը եւ հույս հայտնել, որ Հայաստանում ծրագրի հաջող իրագործումը օրինակ կարող է ծառայել ԵԱՀԿ այլ երկրների համար: Ելույթ է ունեցել նաեւ ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Աշոտ Հովակիմյանը:

Արթուր Օսիկյանը մանրամասն ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից հաստատված ծրագիրը՝ նշելով, որ այն կազմելու ընթացքում հիմք է ծառայել նաեւ ԵՄ որոշ անդամ երկրների փորձը: Բարեփոխումների նպատակն է հստակ մեխանիզմների եւ չափորոշիչների օգնությամբ բարձրացնել ՀՀ ոստիկանության արդյունավետությունը եւ ամրապնդել ոստիկանության նկատմամբ հասարակության վստահությունը:

Արթուր Օսիկյանը վստահեցրել է, որ ՀՀ իշխանությունները հետեւողականորեն իրագործելու են ներկայացված բարեփոխումների ծրագիրը եւ այդ ասպարեզում սերտորեն համագործակցելու են բոլոր շահագրգիռ միջազգային կազմակերպությունների, այդ թվում եւ ԵԱՀԿ-ի հետ: Նա նշել է նաեւ, որ այս բնագավառում բարձր է գնահատում նաեւ Երեւանում ԵԱՀԿ գրասենյակի դերը: Հանդիպման ընթացքում ՀՀ նախագահի օգնական Գեւորգ Կոստանյանը այլ հարցերի հետ մեկտեղ նշել է, որ ՀՀ ոստիկանության բարեփոխումների ծրագիրը գտնվում է ՀՀ նախագահի անմիջական ուշադրության կենտրոնում:

Նույն օրը ԵԱՀԿ քարտուղարությունում տեղի է ունեցել հանդիպում ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերին դը Բրիշամբոյի հետ: Հանդիպման ընթացքում համառոտ ներկայացվել է 2011թթ. ՀՀ ոստիկանության բարեփոխումների ծրագիրը, քննարկվել են ԵԱՀԿ ներգրավվածության եւ աջակցության հնարավորությունները: ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը, ողջունելով այս բնագավառում առկա ձեռքբերումները` վստահեցրել է, որ ԵԱՀԿ-ն, ինչպես եւ նախկինում, հետեւողականորեն աջակցելու է Հայաստանում իրականացվող բարեփոխումների ծրագրերին: