Մալթայում Հայաստանի դեսպան Սարգիս Ղազարյանը (նստավայրը` Հռոմ) հունիսի 26-ին իր հավատարմագրերը հանձնեց Մալթայի նախագահ Մարի Լուիզ Կոլեյրո Պրեկային:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե հավատարմագրերի հանձնման պաշտոնական արարողությունից հետո տեղի ունեցած առանձնազրույցի ժամանակ Մալթայի նախագահը հաջողություն մաղթեց Հայաստանի դեսպանին` հավաստիացնելով, որ Մալթայի պետական ատյաններն իրենց աջակցությունը կբերեն Հայաստանի եւ Մալթայի միջեւ հարաբերությունների զարգացմանն ուղղված դեսպանի նախաձեռնություններին:

Զրույցի ընթացքում քննարկվեցին երկու երկրների միջեւ տարբեր, այդ թվում` տնտեսության, խորհրդարանական դիվանագիտության, կրթության, մշակույթի եւ այլ ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորությունները:

Դեսպան Ղազարյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշեց, որ ջանք չի խնայի երկու երկրների եւ ժողովուրդների միջեւ բարեկամության եւ համագործակցության զարգացման ու ամրապնդման համար: