Հայաստանի փոխվարչապետ, Հայաստանում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհրդի նախագահ Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Խորհրդին կից միջգերատեսչական աշխատանքային խմբում ընդգրկված հասարակական կազմակերպությունների  ղեկավարներին:

Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, թե փոխվարչապետը  նախ շնորհակալություն հայտնեց համատեղ աշխատանքի համար՝ ընդգծելով, որ  ձեւավորված արդյունավետ համագործակցության շնորհիվ է նաեւ, որ  ԱՄՆ պետքարտուղարության  մարդկանց թրաֆիքինգի մասին 2014թ. զեկույցում Հայաստանը կրկին տեղ է գտել ամենաբարձր՝ առաջին խմբում:  «Սա  նաեւ հասարակական հատվածի  կազմակերպությունների հետ ձեւավորված աշխատանքի արդյունք է: Մենք, սակայն,  չենք բավարարվելու արձանագրված արդյունքներով եւ  շարունակելու ենք  երեւույթի դեմ պայքարին ուղղված մեր ջանքերը՝ այդ գործում որպես կարեւոր գործընկեր ունենալով հասարակական կազմակերպություններին»,-նշեց փոխվարչապետը:

Հանդիպմանը քննարկվեցին ԱՄՆ պետքարտուղարության մարդկանց թրաֆիքինգի մասին 2014թ. զեկույցում  արտացոլված՝  հասարակական  կազմակերպությունների հետ համագործակցությանը վերաբերող  առաջարկությունների իրականացման հետ կապված հարցեր: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ զեկույցն առաջիկայում կքննարկվի Խորհրդին կից միջգերատեսչական աշխատանքային խմբում՝ առաջարկությունների իրականացման միջոցառումների ծրագիր մշակելու համար: Օրենսդրական լուծումների անհրաժեշտության դեպքում նաեւ համապատասխան առաջարկություններ կներկայացվեն կառավարությանը:

Հիշեցնենք, որ Հայաստանն արդեն երկրորդ տարին է ընդգրկվում ԱՄՆ պետքարտուղարության  մարդկանց թրաֆիքինգի մասին զեկույցի՝ երկրների դասակարգման սանդղակի ամենաբարձր խմբում: Մինչ այդ  տեղ էր զբաղեցնում երկրորդ խմբում: