Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության ծառայության տեղեկատվական կենտրոնի ներկայացուցիչ Անդրեյ Լիսենկոն ճեպազրույցի ժամանակ վստահեցրել է, որ ուժայինները հունիսի 30-ին հրադադարի ավարտից հետո գործողությունների ծրագիր է մշակել, հայտնում է ՈՒՆՆ-ն։
«Ծրագիրն արդեն կազմված է», - նշել է ԱԱՊԾ-ի ներկայացուցիչը եւ հավելել, որ ծրագրի մանրամասները հրապարակման ենթակա չեն։
Լիսենկոն նաեւ հայտնել է, որ եթե ռուսամետ ակտիվիստները խախտեն հրադադարը, որը երկարացվել է մինչեւ հունիսի 30-ը, իշխանությունը նրանց չեզոքացման արագ որոշում կկայացնի։
«Ուկրաինան իրեն իրավունք է վերապահում ընդհատել հրադադարը, ԱԱՊԾ-ի, ուժային գերատեսչությունների ղեկավարների հրատապ նիստ գումարել եւ որոշում կայացնել գրոհայինների դեմ ուժ կիրառելու վերաբերյալ», - նշել է ԱԱՊԾ-ի խոսնակը:
Լիսենկոն հիշեցրել է, որ հունիսի 27-ին Ուկրաինայի նախագահի եւ ԱԱՊԾ-ի եւ ուժային գերատեսչությունների ղեկավարների միջեւ կայացած նիստում ընդունած որոշման համաձայն՝ սահմանվել է գործողությունների հստակ հերթականություն, եթե չկատարվեն հրադադարի պայմանները:
Հիշեցնենք, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ըստ ԱԱՊԾ-ի որոշման՝ երկարացրել է հրադադարի ռեժիմի ժամկետը՝ մինչեւ հունիսի 30-ի ժ. 22.00-ն:





























