Կիպրոսը կարող է «որոշիչ ներդրում կատարել Եվրամիության ջանքերում ավարտին հասցնել ներքին էներգետիկ շուկայի ձեւավորման գործում եւ անհրաժեշտ կապերի զարգացման գործում, որպեսզի վերջ տրվի Եվրոպայի էներգետիկ մեկուսացմանը»: Նման հայտարարությամբ հանդես է եկել Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Կիպրոսի առաջնորդը վստահություն է հայտնել, որ «արեւելյան միջերկրածովյան տարածաշրջաննը կարող է էներգառեսուրսների արտադրության եւ մատակարարման հանգույց դառնալ, իսկ Կիպրոսը որպես բնական գազի ապագա արդյունահանող, այդ հատվածում ծրագրավորման կարեւոր մաս է կազմում»:

Անաստասիադիսը հայտարարել է, որ «Կիպրոսը կարող է նաեւ էական դեր խաղալ ԵՄ էներգետիկ անվտանգության ուժեղացման գործում»՝ հաշվի առնելով կղզու աշխարհագրական-ռազմավարական դիրքը եւ հիանալի հարաբերություններն ինչպես արաբական երկրների, այնպես էլ Իսրայելի հետ, որի հետ համագործակցությունը կարող է օգտակար լինել Եվրոպայի համար: