ՄԱԿ-ի` փախստականների միջազգային օրվան նվիրված «Մեկ ընտանիք» խորագրով միջոցառումների շրջանակում տարբեր ազգերի 100 ներկայացուցիչներ Երեւանի Շահումյանի անվան հրապարակում այսօր` հունիսի 28-ին, մրցեցին Street Ball սպորտաձեւում:
Տարբեր ազգերի երիտասարդները, 12 թիմերի բաժանված, հրապարակում բասկետբոլ խաղացին: Նրանց խաղին հետեւում էին հրապարակում հավաքված մարդիկ, որոնք կարճ ժամանակում սիրելի թիմ էին ձեռք բերել եւ երկրպագում էին նրանց:
Ինչպես NEWS.am-ին հայտնեց ՄԱԿ-ի փախստականների գործակալության արտաքին կապերի եւ հասարակական տեղեկատվության համակարգող Անահիտ Հայրապետյանը, միջոցառման նպատակը տարբեր ազգերի փախստականների ու տեղացիների միջեւ ծանոթության հաստատումը խթանելն է:
«Միջոցառումը խաղի միջոցով միացնում է տարբեր շերտերի մարդկանց` տարբեր ազգերի փախստականներ, տեղահանվածներ, ապաստան հայցողներ: Այն խթանում է ընկերություն, հանդուրժողականություն, արդարություն: Մեր կարգախոսն է`նույնիսկ մեկ ընտանիք, որը մասնատվել է պատերազմի պատճառով, շատ է»,-ասաց Անահիտ Հայրապետյանը:
Նշենք, որ 2001 թ. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելան հունիսի 20-ը հռչակել է փախստականների միջազգային օր:











