ՌԴ Կրասնոդարի երկրամասի Ապշերոնի շրջանում հունիսի 28-ի երեկոյան վթարի է ենթարկվել թեթեւ շարժիչով ուղղաթիռը: Սոչի ուղեւորվող ուղղաթիռում գտնվել են օդաչուն՝ Անդրեյ Գոնչարենկոն, եւ ազգությամբ հայ երկու ուղեւորներ. 45-ամյա Սամվել Ելուգյանը եւ նրա 22-ամյա դուստր Ալինա Ելուգյանը:
«Ապշերոնի շրջանում ժամը 20:20-ին տեղեկություն է ստացվել, որ Տյոմնոլոսկոյե բնակավայրից 1.5 կմ դեպի արեւելք ուղղաթիռ է վայր ընկել, ենթադրաբար՝ «Ռոբինսոն R44»-ը, որն ավելի ուշ հրդեհվել է»,- տեղեկացրել են արտակարգ իրավիճակների շրջանային ծառայությունում:
Lifenews-ի փոխանցմամբ, ուղղաթիռը չվերթ է իրականացրել Սոչի-Գուլկեւիչի-Սոչի երթուղով:
Ականատեսների խոսքով, Սոչի վերադառնալիս թռիչքի ընթացքում ուղղաթիռի հետեւի հատվածը պոկվել է, ինչի արդյունքում փոխադրամիջոցն օդում մասնատվել է: Կատարվում է հետաքնննություն:































