ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը Քենիայում վեց ամսական էգ առյուծ է նվեր ստացել, երբ ժամանել է այստեղ մասնակցելու շրջակա միջավայրի վերաբերյալ ՄԱԿ-ի փակ վեհաժողովի:
Նա լքված գիշատիչին անվանել է «Տումաինի», ինչը թարգմանաբար նշանակում է «հույս» եւ «հույս է հայտնել, որ մարդիկ աշխարհում կապրեն բնության հետ ներդաշնակ»: Առյուծը գտնվելու է Քենիայի մայրաքաղաք Նայրոբիի կենդանաբանական այգում:
«Անկեղծ հույս ունեմ, որ առյուծը առողջ, ուժեղ եւ նույնիսկ կատաղի կմեծանա»,- հայտարարել է Բան Կի Մունը:
Սա արդեն երրորդ կենդանին է, որին նվիրում են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին: 2009թ.-ին Մոնղոլիայի իշխանությունները նրան հազվագյուտ ձի նվիրեցին «Խաղաղություն» մականվամբ, իսկ մեկ տարի անց Հարավային Սուդանի նախագահ Սալվա Կիիրը նրան «Բան Կի Մուն» մականվամբ սպիտակ ցուլ նվիրեց, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:





























