Բուլղարիայում առանց ակնհայտ տնտեսական պատճառների ծագած բանկային ճգնաժամից հետո ոստիկանությունը հունիսի 28-ին ձերբակալել է երկու տղամարդու: Նրանց կասկածում են ոչ հավաստի տեղեկությունների տարածման մեջ երկրի ֆինանսական ինստիտուտներում տիրող իրավիճակի վերաբերյալ: Իրավապահ մարմինների վարկածով՝ նրանք կարող են մեղավոր լինել զանգվածային խուճապի առաջացման գործում, որը տարածվել էր երկու բանկերի հաճախորդների շրջանում, հաղորդում է «Deutsche Welle»-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով « Reuters »-ին:

Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ քրեական կառույցները համացանցի եւ SMS-հաղորդագրությունների միջոցով կոչ էին անում երկրի քաղաքացիներին գումարները հանել բանկային իրենց հաշիվներից: Սա հանգեցրել է խուճապահար պահանջարկի: Օրինակ, «Առաջին ներդրումային բանկում, որը մեծությամբ երրորդն է Բուլղարիայում, հաճախորդները մի քանի ժամվա ընթացքում հաշիվներից հանել են ավելի քան  400 մլն եվրո: Բուլղարական կենտրոնական բանկում հայտարարել են երկրի բանկայի համակարգի վրա ծրագրված հարձակման մասին: