ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահները ջանասիրաբար աշխատում են ղարաբաղյան հիմնախնդրի լուծման ուղիներ գտնելու ուղղությամբ, «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի հայկական ծառայության հետ հարցարզույցում ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը:
Ըստ նրա` ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին հանձնարարել են խթանել երկու կողմերին: «Ներկայումս շատ աննշան առաջընթաց կա բանակցություններում: Դեսպան Ուորլիքին հանձնարարել են խթանել Բաքվին եւ Երեւանին` ուղիներ որոնելու համար, եւ նրա համար, որպեսզի երկրները ավելի շատ շփվեն միմյանց հետ», - նշել է դեսպանը:
Պատասխանելով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու վերաբերյալ հարցին` դիվանագետն ընդգծել է, որ ինքն Ադրբեջանի դեսպանը չէ եւ չգիտի` ինչ են անում այդ երկրները: Սակայն Հեֆերնը հիշեցրել է, որ բազմաթիվ հայտարարություններում համանախագահները կտրուկ քննադատել են ռազմական հռետորաբանությունը, սպառազինություն գնելը եւ սադրիչ գործողությունները:





























