Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության նախաձեռնությամբ, Վիրահայոց թեմի եւ «Հայարտուն» կենտրոնի,ինչպես նաեւ անհատ բարերարների աջակցությամբ, ս.թ. հունիսի 29-ին, Թբիլիսիի Սբ. Էջմիածին եկեղեցու բակում տեղի «Տոլմա-2014» փառատոն-մրցույթը՝ նվիրված հայկական ազգային այս կերակրատեսակին: Այդ մասին NEWS.am-ին հայտնեցին Վիրահայոց թեմի մամուլի ծառայությունից:
Առավոտից ախորժալի տոլմայի բուրմունքը տարածվել էր ողջ Հավլաբար թաղամասում: Եկեղեցու բակում շարված սեղաններին տեղ էին գտել թբիլիսահայ տիկնանց պատրաստած տոլմայի շուրջ 20 տարատեսակներով կաթսաները:
Հայոց հինավուրց եկեղեցու բակը լեփ-լեցուն էր մարդկանցով. եկել էին բազմաթիվ հյուրեր, տեղացիներ եւ ժամանած հայեր, վրացիներ, ռուսներ, ֆրանսիացիներ, գերմանացիներ, նրանք բոլորը համտեսելով տոլման, բարձր գնահատեցին այս ազգային կերակրատեսակը:
Մինչ տարածվում էր «Հայարտուն» կենտրոնի համույթների եւ անհատ կատարողների ուրախ երգն ու երաժշտությունը, մրցատյանը գնահատում էր ներկայացված տոլմայի արտաքին տեսքը, մատուցման կատարելությունը, քննարկում տոլմայի տարբեր տեսակների համային հատկանիշները՝ մրցույթի հաղթողին որոշելու համար:
Այս տարի մրցանակները շնորհվեցին երկու անվանակարգերից. գնահատվեց տոլմայի տեսքը եւ մատուցման դիզայնը, ինչպես նաեւ համային հատկությունը եւ նորամուծությունը:Բոլոր հաղթողները արժանացան մրցանակների եւ նվերների: Մրցույթի մասնակիցներին բաժանվեցին օրհնված սրբապատկերներ:



















