Ամերիկյան Magical Butter ընկերությունը հանգստյան օրերին Վաշինգթոնի նահանգում սկսել է մարիխուանայով սնունդ վաճառել: Այս մասին տեղեկացնում է Los Angeles Times պարբերականը:

Մարիխուանայով «ճաշացանկն» առայժմ առավոտյան 11-ից մինչեւ երեկոյան 19-ը հասանելի է միայն նրանց, ում այն նշանակված է բժշկի կողմից: Տեսականին կազմված է աղցաններից, pop-corn-ից եւ սենդվիչներից:

Magical Butter-ի գործադիր տնօրեն Գարին Էնջելը պատմել է, որ ուտեստները շուրջ 100 միլիգրամ մարիխուանա են պարունակում: Համեմատության համար նշենք, որ մարիխուանան օրինականացրած Կոլորադո նահանգի ղեկավարությունը 10 միլիգրամը համարում է լիարժեք չափաբաժին:

Թմրանյութային միջուկով մթերքները կարելի է գնել ընկերության վերազինված դպրոցական ավտոբուսից, որն ունի անհրաժեշտ բոլոր փաստաթղթերն ու արտոնագրերը: РИА Новости-ի փոխանցմամբ, մարիխուանայով ճաշի միջին արժեքը շուրջ 25 դոլար է:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Վաշինգթոնի նահանգի քաղաքային խորհուրդը 2014թ. մարտին վերջին ընթերցմամբ կողմ է քվեարկել փոքր քանակությամբ մարիխուանա պահելն ապաքրեականացնելու մասին օրինագծի ընդունմանը: