ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հունիսի 30-ին ընդունեց Իսպանիայի Սենատի անդամ Ուրկո Այարտզա Ազուրտզային՝ Հայաստանի Եվրոպացի բարեկամներ կազմակերպության տնօրեն Էդուարդո Լորենզո Օչոայի ուղեկցությամբ:
Ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը կարեւորեց երկկողմ հարաբերությունների զարգացման գործում խորհրդարանական դիվանագիտության դերակատարությունը:
Էդվարդ Նալբանդյանը ողջունեց իսպանացի սենատորի այցն Արցախ՝ նշելով, որ նման այցելությունները հնարավորություն են տալիս առաջին ձեռքից ծանոթանալու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին եւ տեղում առկա իրավիճակին:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` սենատոր Ազուրտզան ընդգծեց, որ իր համար շատ կարեւոր էր այցելել Հայաստան եւ Արցախ ու վստահեցրեց, որ շարունակելու է իր գործունեությունն` ուղղված հայ-իսպանական փոխգործակցության առավել ամրապնդմանն ու խորացմանը:
Նախարար Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերը:
Զրույցի ընթացքում մտքեր փոխանակվեցին Հայաստան եւ Եվրոպական միություն համագործակցության շուրջ:































