Հայաստանում իրոք եղել են խոզի գրիպով վարակվածներ ու մահացության դեպքեր: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է հանրապետության գլխավոր վարակաբան Արա Ասոյանը՝ խորհուրդ տալով համբերել եւ տեսնել, թե ի՞նչով կավարտվի Առողջապահության համաշխարհային կազմակերպության ու ԵԽԽՎ առողջապահության հանձնաժողովի միջեւ «խոզի գրիպ»-ի համաճարակի հետ կապված վիճաբանությունը: «Ես հասկացա, որ լուրջ վիճաբանություն է սկսվել Եվրոպական կառույցներում, եւ եկեք համբերենք, տեսնեք, թե ի՞նչով է դա վերջանում։ Որովհետեւ մենք ունեցել ենք հիվանդներ, համապատասխան կլինիկական արտահայտումներով, այն ժամանակ, երբ ամբողջ աշխարհում եւս «խոզի գրիպ»-ի համաճարակ էր։ Չէր կարող, չէ՞, ամբողջ աշխարհը սուտ խոսել՝ ասելով, որ իրենց մոտ համաճարակ է»,- ասաց Ասոյանը։

Մինչդեռ ԵԽԽՎ առողջապահության հանձնաժողովի զեկույցում ասվում է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության, եվրոպական երկրների կառավարությունների եւ ԵՄ հաստատությունների մեղքով տեղի է ունեցել պետական միջոցների վատնում, իսկ մարդկանց անհիմն վախ են ներշնչել։ Կառավարությունների կողմից ձեռք բերված պատվաստաշիճուկի միլիոնավոր փաթեթներ ուղղակի չեն օգտագործվել, քանի որ համաճարակի մասշտաբներն այնքան մեծ չեն եղել, որքան ներկայացվում էին։                             

Նշենք, որ Հայաստանի կառավարությունը «խոզի գրիպ»-ի դեմ պատվաստաշիճուկը ձեռք է բերել ոչ թե պետական միջոցներով, այլ որպես օգնություն ստացել  է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից։ Խմբաքանակի մեծ մասը, ինչպես վստահեցրեց գլխավոր վարակաբանը, դեռեւս չի սպառվել եւ պահվում է նախարարությունում։ «Մեր նախարարն էնքա՛ն «Տամիֆլյու» էր բերել, որ կարայինք Վրաստանին էլ, հլը կողքի երկրին էլ տայինք...»։ Հարցին՝ այդ դեպքում  ինչո՞ւ էր որոշ դեղատներում «Տամիֆյու»-ն բավական թանկ գներով վաճառվում, գլխավոր վարակաբանը պատասխանել է. «Դե երեւի թե որոշ մարդիկ ուզում էին փող աշխատել, վատ չի, թող անեն։ Բայց այդ օրերին, եթե որեւէ քաղաքացի դիմեր մեզ, նա անպայման անվճար կստանար այդ դեղը, ես չեմ հասկանում, թե ինչու էին առնում խանութներից....»։ Իսկ ի՞նչ է անելու նախարարությունը «Տամիֆլյուի» չսպառված խմբաքանակը՝ հարցին գլխավոր վարակաբանը պատասխանեց, թե պահելու են, որպեսզի գալիք աշնանն ու ձմռանը, եթե վարակը կրկին վերսկսվի, տրամադրեն քաղաքացիներին։ Հավելենք, որ «Տամիֆյուն» օգտագործվում է նաեւ սովորական գրիպի դեպքում եւ այն ընդունված է կոչել «բիզնեսմենների դեղամիջոց»։